Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ www.eufoa.am / կազմակերպության Բրյուսելի գրասենյակը կազմակերպել էր «Կլոր սեղան» քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի մասնակցությամբ:
ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան կարճ նախաբանից հետո խոսքը փոխանցել է Արտակ Զաքարյանին՝ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու և տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած զարգացումները քննարկելու համար: Արտակ Զաքարյանի ելույթին հաջորդել է մասնակիցների բուռն բանավեճը թեմայի շուրջ:
ԵՄ ինստիտուտներից, միջազգային կազմակերպություններից և հետազոտական կենտրոններից շուրջ 40 ներկայացուցիչների (ներառյալ 4 ԵԽ պատգամավորներ) շնորհիվ այս միջոցառումը դարձել է ՀԵԲ գրասենյակային առավել հաջողված միջոցառումներից մեկը:
«Մենք հպարտ ենք տեսնել, թե որքան դրական է ընկալվում ՀԵԲ-ի աշխատանքը Բրյուսելի դերակատարների կողմից»,-մեկնաբանում է ՀԵԲ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչան: «Այս միջոցառումը ապացուցում է, որ եվրոպացիներին հետաքրքրում է մեր աշխատանքը, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Թերևս ամենակարևորն այն է, որ մարդիկ տեսնում են, որ մենք մատուցում ենք մի ծառայություն, որն ուրիշ ոչ ոք չի առաջարկում, և որ այս ծառայությունն իսկապես անրաժեշտ է»:
Մասնակիցների միջև ծավալված բուռն քննարկումն ուղղված էր Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների և ԵՄ արևելյան հարևանության վերջին զարգացումների համատեքստում: Ի լրումն, հրավիյալները խոսեցին նաև նոր մոտեցումների մասին, որոնք առաջարկվել էին Արևելյան գործընկերության հանձնակատարի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի/Բարձր ներկայացուցչի կողմից (դեռ չի հաստատվել Եվրախորհրդարանի կողմից):
Ինչպես հատուկ է բրյուսելյան միջոցառումներին, այս քննարկումը տեղի ունեցավ «Չեթըմ հաուս»-ի կանոններին (Chatham House Rule) համապատասխան (մասնակիցները կարող էին կիրառել ստացված տեղեկությունը առանց բանախոսների կամ մասնակիցների ինքնությունը կամ քաղաքական պատկանելությունը բացահայտելու): Այս հանգամանքը խթանեց գաղափարների առավել անկեղծ փոխանակմանը:
Միջոցառումը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից մեկ այլ քայլ էր՝ նպաստելու Հայաստան-ԵՄ երկխոսությանը, և մեկն էր այս թեմայով կազմակերպված միջոցառումների շարքից, ինչպես 2013 թվականի հունիսին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի մասնակցությամբ «Կլոր սեղան» քննարկումը, 2014 թվականի փետրվարին «Մարթենս» կենտրոնում կայացած միջոցառումը, որտեղ ներկայացվել էր «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան» ՀԵԲ փաստաթղթի նախնական տարբերակը: Արտակ Զաքարյանի մասնակցությամբ այս քննարկումը հերթական ներդրումն էր ՀԵԲ-ի մեկնարկած ընթացիկ երկխոսության մեջ: